Թեմա 38․ ՀՀ միջազգային դրությունը

Հայաստանի միջազգային ճանաչման գործընթացն ու արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի անկախ հանրապետությունը սկսեց միջազգայնորեն ճանաչում գտնել 1991 թվականի վերջերից։ 1991թ. նոյեմբերի 21-ին ՀՀ անկախությունն առաջինը ճանաչեց Լիտվայի նորանկախ հանրապետությունը։ Այդ տարվա դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը ճանաչեցին ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան և այլ պետություններ։ 1992 թ. հունվարի 7-ից ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ։ ՀՀ անկախությունը ճանաչեցին նաև Չինաստանը, Իրանը, Հնդկաստանը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Եգիպտոսը և այլ երկրներ։ 1992 թ. մարտին Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), 2001-ին՝ Եվրախորհրդի, 2003-ին՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ։ Այնուհետև անդամագրվեց միջազգային մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՝ Սևծովյան տնտեսական համագործակցությանը (ՍԾՏՀ), 2012թ. հոկտեմբերին դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ), 2015 թ. հունվարին՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) լիիրավ անդամ։ Դա հնարավորություն է տալիս ՀՀ-ին միջազգային բարձր ամբիոններից բարձրացնելու Արցախի և այլ հիմնախնդիրներ։ Հայաստանի հանրապետությունը դիվանագիտական կապեր հաստատեց ԱՊՀ անդամ Ռուսաստանի Դաշնության հետ։ Իր հարաբերություններն ամրապնդեց Վրաստանի հետ, որը շատ կարևոր էր։ Վրաստանի տարածքով շրջափակման տարիներին Հայաստանը շարունակվեց կապվել արտաքին աշխարհի հետ։ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում 1996 թ. ապրիլից սկիզբ դրվեց Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ ՀՀ անհատական գործընկերությանը։ 2019 թ. դրությամբ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 175 երկրների հետ, աշխարհի չորս տասնյակից ավելի երկրներում գործում են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ։

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը։ ՀՀ-ն 1991թ. դեկտեմբերի 10-ին միացավ «Ցեղասպանության հանցագործությունների կանխման և դրա համար պատժի մասին» ՄԱԿ-ի 1948 թ. կոնվենցիային։ Հատկապես 20-րդ դարավերջից հետո հանրապետության արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություններից մեկը դարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը, Ռուսաստանի Պետական դուման, Լեհաստանը, Կանադան, Սլովակիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, Իտալիան, Ավստրիան, Չեխիան, Գերմանիան, Պորտուգալիան և այլ երկրներ։ Միջազգային կազմակերպություններից առաջինը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ապա ՝ Եվրախորհրդարանը։ Բելգիան և Արգենտինան նույնիսկ օրենք են ընդունել Հայոց ցեղասպանությունը մերժող անձանց դատապարտելու մասին։ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ամեն տարի նշվում է Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը։ 100-րդ տարելիցի պատմական աննախադեպ միջոցառմանը մասնակցեցին ավելի քան 60 երկրների և միջազգային տասնյակ կառույցների պատվիրակություններ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Սիրիայի և Կիպրոսի նախագահները։ Աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ 2021 թվականի ապրիլի 24 ին՝ ցեղասպանության 106 ամյակի օրը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչը, բնականաբար, լուրջ զայրացրեց Թուրքիային։ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նշումը նոր ազդակ հանդիսացավ դրա միջազգային ճանաչման գործում։ Ներկայումս Հայոց ցեղասպանության գործընթացը շարունակվում է։ Այդուհանդերձ՝ Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության կատարած փաստը և չառերեսվել սեփական պատմության հետ